Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները վերապատրաստվել և փորձի փոխանակում են կատարել Լատվիայում
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներ Լուսինե Չփլախյանը և Անահիտ Մամիկոնյանը սեպտեմբերի 10-ից 15-ը գործուղվել էին Լատվիայի Հանրապետություն՝ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով:
Այցի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները ծանոթացել են Լատվիայի ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններին, կենսաբանական և ԴՆԹ նույնականացման, ինչպես նաև oդորոլոգիական փորձաքննությունների բաժանմունքների գործունեությանը, փորձագիտական հնարավորություններին, տեղում ծանոթացել իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը։
Փորձի փոխանակման շրջանակներում Բյուրոյի փորձագետները ծանոթացել են նաև ԴՆԹ լաբորատորիայի միջազգային ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման կարգին, մասնագիտական քննարկումներ ծավալել լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների համար կիրառվող մեթոդների, առաջադրվող խնդիրների, փորձագիտական ընթացակարգերի, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի շուրջ:
Մեր փորձագետները դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել են ձեռք բերված լավագույն փորձով, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել կատարվող փորձաքննությունների արդյունավետությունը և ստացվող արդյունքների արժանահավատությունը՝ տեղայնացնելով, ներդնելով, ինչպես նաև կատարելագործելով կիրառվող դատափորձագիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներն ու հնարավորությունները:
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Լատվիացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում շարունակական ակտիվ փոխգործակցության ծավալման՝ ի նպաստ երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացման:
28 Դեկտեմբեր 2016